Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Երկրագունդը մեր ուզած ուղղությամբ էր պտտվում՝ մեր ուզած արագությամբ

Երկրագունդը մեր ուզած ուղղությամբ էր պտտվում՝ մեր ուզած արագությամբ
26.03.2024 | 08:42

Ձմեռային արձակուրդներին Երևանի ուսանողությունը տեղափոխվում էր Ծաղկաձոր՝ Գրողներ, Մերգելյան․․․ Եթե Ծաղկաձորում մեկին չէինք գտնում, ուրեմն՝ բան էր պատահել։ Բայց սար-մար չէինք բարձրանում, դահուկ-մահուկ չէինք քշում, այլ յոթ-ութ հոգով՝ խառը՝ տղա-աղջիկ, լցվում էինք երկու տեղանոց համարը, իրար գլխի քնում, իրար գլխի զարթնում, երգում, պարում, ծխում, խմում, փիլիսոփայում, կռվում, ծանոթանում, անծանոթանում, սիրահարվում, հիասթափվում․․․

Հեռախոսներ չունեինք, ու պետք էլ չէր․ ում հետ որ պիտի խոսեինք, կողքներս էր կամ մի դուռ էն կողմ։ Ֆեյսբուքը դեռ չկար, Ֆեյսբուքի ստեղծողն էլ դեռ չկար, ինտերնետն էլ չկար, ու պետք էլ չէր, բայց օդի մեջ համ կար, ջրի մեջ համ կար, կյանքի մեջ համ կար․․․ Ցուրտ էր, թե չէ, էդ էլ չէինք իմանում, չէինք հասցնում հասկանալ։ Ժամանակ էլ չկար. ժամանակը, դռան հետևը կծկված, բանալու անցքից վախվորած մեզ էր նայում։ Տարածություն էլ չկար, ուզեինք՝ հարյուր հոգով մի փոքր սենյակում կտեղավորվեինք՝ առանց նեղվելու։ Ու, ընդհանրապես, երկրագունդը մեր ուզած ձևով էր պտտվում՝ մեր ուզած ուղղությամբ, մեր ուզած արագությամբ։

Մենք չէինք էլ հասկանում, որ էդ օրերին արևային մարտկոցի նման ջերմություն ենք կուտակում մեր մեջ՝ հիշողություններ, որոնք մեզ ջերմացնելու են հետո, երբ սկսենք ծառերի նման ճկվել ու մրսել փոթորկի նման սլացող սառը ժամանակից․

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6924

Մեկնաբանություններ